Թրամփը միջուկային սուզանավեր է տեղակայում Ռուսաստանի մերձակայքում Մեդվեդևի սպառնալիքներից հետո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի պատերազմին առնչվող սադրիչ սպառնալիքներից հետո երկու միջուկային սուզանավ է տեղակայվել Ռուսաստանի մերձակայքում։ Սպառնալիքները հնչեցվել էին ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից։

«Ես հրահանգել եմ երկու միջուկային սուզանավեր տեղակայել համապատասխան տարածաշրջաններում», - գրել է Թրամփը Truth Social հարթակում՝ հավելելով, որ այս քայլն իրականացվում է որպես նախազգուշական միջոց՝ Մեդվեդևի «հիմար և սադրիչ» արտահայտությունների լրջության դեպքում։

«Բառերն ուժ ունեն և հաճախ կարող են բերել անկանխատեսելի հետևանքների։ Հույս ունեմ, սա այդ դեպքերից չի լինի», - հավելել է նա՝ Մեդվեդևին անվանելով «անհաջողակ» նախկին նախագահ։

Ըստ նրա՝ «երբ խոսքը միջուկայինին է վերաբերում, պետք է պատրաստ լինել»։

Թրամփը չի հստակեցրել՝ խոսքը միջուկային զենք կրող սուզանավերի՞, թե՞ միջուկային շարժիչով աշխատող սուզանավերի մասին է։

Նախորդ շաբաթ Մեդվեդևը մեղադրել էր ԱՄՆ-ին՝ «վերջնագրերի խաղ» խաղալու մեջ։ Նա արձագանքել էր Թրամփի՝ Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու 50-օրյա վերջնաժամկետի կրճատմանը:

Մեդվեդևը հուլիսի 28-ին X-ում գրել էր, որ «յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ»։ Նա նաև կոչ էր արել Թրամփին չկրկնել ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի ուղին, ում Մոսկվան բազմիցս մեղադրել է Ռուսաստանի հետ լարվածությունը սրելու մեջ։