ՔՊ-ական Սարիկ Մինասյանը նշանակվել է Հայաստանի էլեկտրական ցանցերի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն:
«Այսօրվանից ստանձնելու եմ ՀԷՑ-ի Շիրակի մարզային կառույցի տնօրենի պաշտոնը: Ինչպես ինձ վստահված բոլոր պաշտոններում, այստեղ ևս ծառայելու եմ երկրիս՝ ի շահ մեր պետականությանը, ի շահ Հայաստանի Հանրապետությանը: Մեր երկրի էներգետիկ ոլորտը, որը ռազմավարական նշանակություն ունի, պետք է ամրապնդվի, ուղղի մեջքն ու իրական զարգացման ճանապարհին կանգնի», - Ֆեյսբուքում գրել է Մինասյանը:
Սարիկ Մինասյանը, որ Գյումրիի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուն էր, հիմա ավագանիում ՔՊ խմբակցության ղեկավարն է: Օրերս մամուլը գրել էր, թե նա հնարավոր է փոխարինի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին: Մինասյանը, սակայն, հերքել էր այդ լուրը, պնդելով, թե ավագանու մանդատը վայր դնել չի պատրաստվում և կհամաձայնի այնպիսի աշխատանքի, որի պարագայում ավագանու անդամ լինելը խոչընդոտ չէ:
Կալանավորված գործարար Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ում պետության կողմից ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը ընկերության ղեկավար կազմում հենց առաջին օրվանից է սկսել ազատումներ ու նոր նշանակումներ անել: Ռոմանոս Պետրոսյանն ու Սարիկ Մինասյանը կուսակիցներ են:
Մինասյանը «Ղարս» մասնաճյուղի տնօրենի պաշտոնում փոխարինում է Գագիկ Ֆարզադյանին: Նրա հետ «Ազատությանն» առայժմ կապ հաստատել չի հաջողվել, պարզ չէ՝ 15 տարի մասնաճյուղի տնօրենի պաշտոնը զբաղեցրած Ֆարզադյանին ազատե՞լ են, թե՞ սեփական կամքով է հեռացել աշխատանքից:
Լոռու մարզպետի աշխատակազմն էլ հաղորդում է, որ ՀԷՑ-ի «Դեբեդ» մասնաճյուղի տնօրեն է նշանակվել Տիգրան Հովսեփյանը, ով 2020-22 թվականներին եղել է Լոռու ՔՊ-ական մարզպետի օգնականը:
Այսօր ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը՝ Լոռու մարզպետի և Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատարների ուղեկցությամբ, «Դեբեդ» մասնաճյուղում ներկայացրել է նորանշանակ տնօրենին: