Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը Ադրբեջանում կավարտվի սեպտեմբերի սկզբին, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Այսօր արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է ԿԽՄԿ-ի ներկայացուցչության ղեկավար Դրագան Կոյիչին:
Ըստ պաշտոնական Բաքվի՝ հանդիպմանը ընդգծվել է «ԿԽՄԿ-ի հետ փոխգործակցության շարունակականության կարևորությունը այս տարվա սեպտեմբերի սկզբին առաքելության գործունեության ավարտից հետո՝ կազմակերպության Ժնևում գործող գլխավոր գրասենյակի միջոցով»:
Ադրբեջանում միջազգային այս կառույցի գործունեության դադարեցումը հատկապես տագնապալի է հայ ռազմագերիների ու նրանց ընտանիքների համար: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն միակ անկախ միջազգային կառույցն էր, որ կարողանում էր այցելել բանտարկված հայերին, զբաղվել նրանց առողջական խնդիրների լուծմամբ, անհրաժեշտ հագուստ ու հիգիենայի պարագաներ փոխանցել, ինչպես նաև տեսակապ ապահվել հարազատների հետ:
ԿԽՄԿ-ն վերջին անգամ հայ ռազմագերիների այցելել է հունիսին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքվի բանտում պահվող հայ գերիների հարազատներին ասվել է՝ ԿԽՄԿ-ն այլևս չի այցելելու գերիներին