Ընդդիմադիրների գնահատմամբ՝ «ՀԷՑ-ը ընտրություններին ընդառաջ ՔՊ-ականացվում է». իշխանությունը հերքում է

Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) երկու խոշոր մասնաճյուղերում երեկ նոր ղեկավարներ նշանակվեցին, ընդ որում երկուսում էլ իշխող ուժի ներկայացուցիչները՝ Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղում՝ Սարիկ Մինասյանը, իսկ Լոռու «Դեբեդ» մասնաճյուղում՝ Տիգրան Հովսեփյանը:

Իր կուսակիցներին ներկայացնելու համար Վանաձոր ու Գյումրի էր հասել պետության կողմից ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը:

Նրա այս նշանակումներին հետևեցին ընդդիմադիրների քաղաքական գնահատականները, թե մոտ 7000 աշխատակից ունեցող մասնավոր ընկերությունը 2026-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքականացվում է:

Օրինակ, «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ ՀԷՑ-ը վերածվում է «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական շտաբի: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս կարծում է, որ ՀԷՑ-ը կօգտագործվի որպես ընտրական ռեսուրս:

Հինգերորդ ալիքին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, որ իր պաշտոնավարման տարիներին են բաշխիչ ցանցերը սեփականաշնորհվել ու հիմնավորեց, թե ինչու. - «Ես գիտեմ թե ինչ վիճակում է եղել բաշխիչ ցանցերը, երբ եղել են պետական: Խայտառակ պատկեր էր, «լույսի մարդը» ամենից կարևոր մարդն էր Հայաստանում, որովհետև տեղում ինչ ուզում, անում էր, սչոչիկները հետ պտտացնել, փող աշխատել, տասնյակ միլիոն դոլարների պարտքեր կուտակել բաշխիչ ցանցերի վրա»:

ՀԷՑ-ի շուրջ ստեղծված իրավիճակը երկրորդ նախագահը «կինո» է որակում. պետությունը եկեղեցուն պաշտպանելուց հետո իշխանազավթման կոչի մեղադրանքով կալանավորված Սամվել Կարապետյանի ընկերությունում իր կառավարչին է նշանակել, մտադիր է ՀԷՑ-ը պետականացնել, իսկ սեփականատիրոջը ստիպել, որ ներդրումները շարունակի, նկատում է Քոչարյանը:

«Նշանակել են կառավարիչ, բայց Սամվել Կարապետյանին ասում են՝ դու ներդրումներդ պետք է շարունակես, սա ուղղակի կինո է վատ իմաստով: Սամվել Կարապետյանը պետք է շարունակի ներդրումներ անի իր միջոցներից, և Ռոմանոսը պետք է այս միջոցները տնօրնի: Լո՞ւրջ... դուք հո հիմա՞ր չեք, ըտենց չի լինում: Ուղղակի իմ ենթադրությունը կամ իմ կանխատեսումը՝ քանդելու են աշխատող համակարգը», - պնդել էր Քոչարյանը:

ՀԷՑ-ի կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի արձագանը չուշացավ: Նա «Գույք պարտքի դիմաց կամ պետության դիմակայունությունը կոտրելու դասական հակապետական օպերացիա» վերնագրով գրառման մեջ Քոչարյանի իշխանության տարիներին Ռուսաստանին հանձնված գույքերի ցանկն ու փաստաթղթեր է հրապարակել: Իսկ վերջում գրել. - «Առաջարկում եմ այս ամբողջ նյութն ու մատնանշված փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո եւս մեկ անգամ դիտել ՀՀ քաղաքացի Ռ.Քոչարյանի՝ նախօրեին տված հարցազրույցն ու պատասխանել մի կարեւոր հարցի՝ «ու՞մ շահերից է ապրում/գործում/ջանում շուրջ 10 տարի բարձրագույն պաշտոնն զբաղեցրած սույն անձը եւ ի՞նչ է ուզում վերջապես նա մեր ժողովրդից…»։

Ավելի վաղ ՀԷՑ-ի տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն էր ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանի նշանակումը քաղաքական որակել ու սա կապել առաջիկա ընտրությունների հետ:

«Քաղաքացիական պայմանագրից» Հասմիկ Հակոբյանը հակադարձում է՝ հեղափոխությունից հետո ընտրությունները կեղծելու էջը փակ է: Իշխանական պատգամավորը սլաքն ուղղում է իրենց ընդդիմախոսների կողմը. - «Ընտրության կեղծման մեխանիզմներին տիրապետում են նման եզրահանգում արած մարդիկ: Ուրեմն նրանք նախկինում օգտագործել են ՀԷՑ-ը»:

Ինչ վերաբերում է երկու ՔՊ-ականներին ՀԷՑ-ում մասնաճյուղերի տնօրեններ նշանակելուն, ապա Հակոբյանը կառույցը քաղաքականացելը բացառում է:

«ՀԷՑ-ը առահասարակ քանի տեղամաս ունի՞: Եթե դուք ինձ թիվ ասեք, ու դրա մեջ 2 թիվը լինի գերակշռող, կասեմ, դե հա՝ կուսակցականացնում են ՀԷՑ-ը: Ի՞նչ է՝ սահմանափակում կա, պետք է միայն Ռուսաստանի քաղաքացի հայերը լինե՞ն, թե՞ միայն դաշնակցականները կամ հանրապետականները լինեն»:

Ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ում հենց առաջին օրվանից ազատումներ ու նոր նշանակումներ է անում, չնայած միջազգային արբիտրաժը հրատապ որոշմամբ Հայաստանի կառավարությունից պահանջել էր զերծ մնալ ընկերության կառավարիչներին փոխելուց: