Հայաստանում տարեցտարի ավելի քիչ կարտոֆիլ ու խաղող են մշակում. ի՞նչ է առաջարկում կառավարությունը

Պաշտոնական վիճակագրությունը փաստում է՝ Հայաստանում տարեցտարի նվազում են մի շարք առանցքային մշակաբույսերի դաշտերի մակերեսները, դրան զուգահեռ նվազում է նաև բերքը:

Այսպես, ըստ Վիճակագրական կոմիտեի՝ 5 տարվա ընթացքում կարտոֆիլի բերքը նվազել է 16 տոկոսով, ցանքատարածությունը մոտ 15-ով: Ավելի վաղ ժամանակաշրջանի հետ համեմատությունը տարբերությունն ավելի ցցուն է դարձնում. 2014-ին Հայաստանում ավելի քան 700 000 տոննա կարտոֆիլ է հավաքվել՝ 2 անգամ ավելի շատ, քան անցած տարի:

2019-ին Հայաստանում 17 000 հեկտար խաղողի այգի կար, 2024-ին մոտ 1000 հեկտարով պակաս, ընդհանուր բերքն էլ այս տարիներին նվազել է մոտ 10 տոկոսով:

«Ազատությունը» «գնացել է» պաշտոնական թվերի ետևից ու ուսումնասիրել տնտեսության առանցքային մաս կազմող գյուղատնտեսության ոլորտը, պարզել՝ ի՞նչ են մտածում ֆերմերները, ի՞նչ են ակնկալում պետությունից և ի՞նչ լուծումներ է մտմտում գործադիրը: