Մեկ շաբաթվա ընթացքում երկու խոշոր խափանումներից հետո Հայաստանի ազգային ArCa վճարային համակարգն այսօր հայտարարել է, որ խափանման պատճառները կապ չունեն կիբեռհարձակումների կամ տեղեկատվական անվտանգության խախտումների հետ։ Ծագած խնդիրների ընթացքում տվյալների կորուստ կամ արտահոսք չի արձանագրվել:
Մի խափանումը հուլիսի 23-ին էր, գրեթե ամբողջ օրը հնարավոր չէր վճարումներ կատարել, մյուս խափանումը՝ հուլիսի 29-ին, այն ավելի կարճ տևեց, սակայն աշխատանքային օրվա մեծ մասը, միևնույն է, քարտով վճարումները հասանելի չէին, բանկոմատներից էլ հնարավոր չէր գումար կանխիկացնել:
Եվս մի խոշոր խափանում էլ մարտին էր տեղի ունեցել:
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն ասում է՝ տեղեկատվական հնարավոր արտահոսքի հետ կապված իրոք այս պահին անհանգստանալու հիմք չկա:
«Մենք չունենք ոչ մի նույնիսկ կողքից տվյալ, որ տվյալների արտահոսք է եղել, որովհետև, մեծ հաշվով, եթե ցանցային տվյալներ գողանային, արդեն ինչ-որ դրա հետևանքները կլինեին», - «Ազատության» հետ զրույցում նշեց Մարտիրոսյանը:
Բայց գլխավոր խնդիրն, ըստ մասնագետի, ամենևին դա չէ, այլ այն, որ ակտիվ թվայնացող տնտեսությամբ Հայաստանում վճարային ազգային համակարգը կայուն չի աշխատում: Մանավանդ որ այս համակարգը ներառում է գրեթե բոլոր բանկերը` բացի մեկից, այսինքն՝ ArCa համակարգի խափանման դեպքում, մեծ հաշվով, այլընտրանք գրեթե չկա:
«Նաև խոստովանենք, որ էս երկու դեպքը չի, էլի: Իմ, օրինակ, աչքը կոնկրետ վախեցած է. ես միշտ հետս կանխիկ գումար եմ տանում արտասահման, որովհետև մի քանի անգամ առնչվել եմ էն վիճակին, երբ որ, օրինակ, սրճարանում չեմ կարողացել վճարել, որովհետև ArCa-ն էդ պահին մեռած է եղել», - ընդգծեց Մարտիրոսյանը՝ շարունակելով. - «Խնդիրը, ինձ թվում է, ավելի շուտ տնտեսական է, որովհետև նման խափանումները շատ հաճախ են լինում, իմ կարծիքով, քան կարող է թույլ տալ թվայնացող տնտեսությունը»:
Սամվել Մարտիրոսյանը նշում է՝ վճարային համակարգից օգտվողների թիվը շարունակ աճում է՝ պետության քաղաքականությունն է այդպիսին: Օրինակ՝ տրանսպորտային համակարգը, որ այլևս կանխիկով չէ: Աճող այս ծանրաբեռնվածությանն արդյոք պատրաստ է համակարգը՝ հանրությանը ոչ ոք հաշվետվություն չի տալիս:
«Արդեն տեսնում ենք՝ տրանսպորտը, օրինակ, մարդկանց արդեն զրկում են տպած QR կոդերից օգտվելուց, դա նշանակում է, որ վճարային համակարգը ևս մի քանի տասնյակ հազար մարդ է մտնելու, որոնք ակտիվ չէին օգտագործում մինչև էդ օնլայն վճարումներ, ու մոտակա մի տարվա մեջ էդ ամեն ինչը շատ ավելի շատ է լինելու: Այսինքն՝ դա նշանակում է, որ մեր բանկային վճարային համակարգը պետք է լինի շատ ավելի կայուն», - ասաց տեղեկատվական անվտանգության մասնագետը:
Թե ինչից են առաջացել խափանումները, ArCa-ն շատ ընդհանուր բացատրություններ է տալիս: Առաջին խափանումը, նշում են, ծրագրային թարմացման տեղադրումից որոշ ժամանակ անց է տեղի ունեցել, իսկ երկրորդ դեպքում տեխնիկական խափանում է տեղի ունեցել: Հավելյալ մանրամասներ ընկերությունից չհայտնեցին՝ նշելով, որ պարզաբանման մեջ տեղ գտած տեղեկատվությունից ավելին չեն կարող փոխանցել, և որ ուսումնասիրություն են սկսել պատճառներն ավելի խորքային հասկանալու և նմանատիպ դեպքերը կանխարգելելու համար:
Սամվել Մարտիրոսյանն ասում է՝ պարզաբանումից շատ բան հասկանալի չէ, նաև գլխավոր հարցի պատասխանը չկա՝ արդյոք խնդիրներն ավարտվեցի՞ն, թե՞ առաջիկայում էլ նման խափանումները կարող են կրկնվել. - «Ոնց որ մեր մոտ ասֆալտն են չէ՞ փռում էն ամենապիկ ժամերին, երևի տենց բանկային համակարգն էլ չպետք է էդ ժամին վերազինել: Բայց եթե խոսքը գնալու է նրա մասին, որ վերազինում է եղել ու ավելի վաղ, դրա հետևանքով է եղել խափանումները, դա էլ, մեծ հաշվով, լավ չի: Մենք ոչինչ փաստացի չգիտենք, կարող ենք զուտ ասել, որ իհարկե, պետք է նենց վերազինել, որ խափանում չլինի: Ուրիշ հարց, օրինակ, վերջացա՞ն էդ պրոբլեմները, թե՞ կարող է էլի լինի, օրինակ»:
Տեղեկատվական անվտանգության մասնագետն ասում է՝ հասարակական ու փորձագիտական ճնշում պետք է լինի, որ խնդիրները բարձրաձայնվեն ու լուծվեն, կարևորը՝ չստացվի այնպես, որ ազգային վճարային համակարգի այս խափանումները դառնան սովորական, ինչպես, օրինակ, էլեկտրաէներգիայի կամ ջրի մատակարարումների խափանումներն են: Արտերկրի գործընկերներին այս իրավիճակը բարդ է ներկայացնել և պահպանել վստահելի իմիջը. - «Հնարավոր չի գործընկերներին բացատրել, որ օրվա մեջ դու կարող է երեք անգամ մեկ ժամով, օրինակ, ինտերնետում չլինես, որովհետև քո մոտ խափանվել է էլեկտրաէներգիան, հետո ինտերնետն է գնացել, հետո բանկային համակարգն է խախտվել: Մենք, ցավոք սրտի, համարում ենք դա նորմալ»:
«Եթե մենք նայում ենք էս ամեն ինչին տնտեսական զարգացման տեսանկյունից, սա, էս խափանումները բոլոր ոլորտներում ծայրահեղ ձևի ազդում են պետական զարգացմանը, երկրի ու այստեղ աշխատող ընկերությունների ընդհանուր իմիջի վրա: Ու, ցավոք սրտի, ոչ ոք չի էլ հաշվարկում, Հայաստանում դա ամենաթույլ կետերից է վերլուծական աշխատանքը, այսինքն, մենք նույնիսկ չգիտենք՝ տնտեսության վրա ինչ ազդեցություն են ունենում նմանատիպ տարբեր խափանումներ, հատկապես երբ որ իրենք, օրինակ, սկսում են իրար հետ զուգորդվել», - նշեց Մարտիրոսյանը:
Արդյոք Կենտրոնական բանկ, կամ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հետաքրքրվել են, թե ազգային վճարային համակարգը ինչու է խափանվում մեկ շաբաթում երկու անգամ: Թե՛ նախարարությունը, թե՛ Կենտրոնական բանկը հորդորեցին հարցերը գրավոր ուղարկել:
Տեղեկատվական անվտանգության մասնագետը նաև նկատում է՝ տարբեր ընկերություններ տարբեր հայտարարություններ կարող են անել իրավիճակի վերաբերյալ կամ նույնիսկ լռել, սակայն կա՞ արդյոք այլ՝ ավելի օբյեկտիվ գնահատական:
«Եթե ArCa-ն ինչ-որ մի բան ասում է, պետք է լինի ինչ-որ վերահսկող մեխանիզմներ, որոնք հասարակության կասկածները փարատեն: Մեծ հաշվով, մեզ մոտ դա ձևավորված չի», - ընդգծեց Սամվել Մարտիրոսյանը: