Անթույլատրելի է ոչ թե Պաղեստինի ժողովրդի մշակութային ժառանգությունը փրկելու Հայաստանի իշխանության ջանքը, այլ Արցախի հայկական մշակույթի համար ոչինչ չանելը. «Արցախ» միության նախագահ Արտակ Բեգլարյանն այսպես է մեկնաբանում երեկվանից ծայր առած քննարկումները փոխարտգործնախարարի նյույորքյան ելույթի առիթով:
Վահան Կոստանյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում կազմակերպված Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորման համաժողովում հայտարարել է. - «Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ թույլ տվեք նաև հայտարարել, որ համաձայնության ենք եկել Պաղեստինի հետ, ըստ որի՝ Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը ժամանակավորապես կհանգրվանի հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանում»:
Ենթադրվում է, որ Պաղեստինի գանձերի փրկության համաետղ ծրագիրը ծագել է դեռ մայիսի վերջին, երբ Մատենադարան էր այցելել Պաղեստինի պետության արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով պետնախարար Վարսեն Աղաբեկյանը:
Ըստ Մատենադարանի այդ ժամանակ տարածած հաղորդագրության՝ հայազգի նախարարը շրջել է այստեղ, վերականգնման բաժին այցելել, ծանոթացել հին ձեռագրերի պահպանման գործընթացին: Առայժմ հստակ չէ՝ Պաղեստինից ինչ նմուշներ են բերվելու:
Լավ նախաձեռնություն է, ասում է «Արցախ» միության նախագահը, եթե Հայաստանի իշխանությունը դիտորդի դերում չլիներ Բաքվի վայրագությունների առջև. Արցախի հայկականությունը Բաքուն ջնջում է ամենօրյա ռեժիմով, դարավոր եկեղեցիներ ու սրբավայրեր են ոչնչացնում, պղծում, ջնջում հայկական ինքնությունը: Արցախի թանգարաններում մնացածա հազարավոր բացառիկ ցուցանմուշներ ադրբեջանացվում են:
«Մի մեծ փաթեթ կա անելիքների, քաղաքական, իրավական, տեղեկատվական գործիքակազմեր կիրառելու, որ իրենք ոչ մի բան չեն անում՝ աչք փակելով այդ ամենի վրա: Սա, ինչ ասեմ, փարիսեցիություն է», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Բեգլարյանը:
Իշխանությունը հատկապես պասիվ է վերջին երկու տարում Արցախի լիակատար հայաթափումից հետո, նկատում է Արտակ Բեգլարյանը: Մի քանի ելույթներ, այնուամենայնիվ, կան. 23 թվականին արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովում ահազանգեց. - «2020թ. աշնանից Հայաստանի Հանրապետությունը շարունակաբար ահազանգել է միջազգային հանրությանը Լեռնային Ղարաբաղում և շրջակայքում հսկայական կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման, պղծման և յուրացման՝ Ադրբեջանի պետական քաղաքականության մասին»։
Մի քանի ամիս անց անց արտգործնախարարը Արցախի ոչնչացվող հարստության մասին լրագրողի հարցին է պատասխանում. - «Մշակութային ժառանգությունը, որ ... Այսօր, ցավոք սրտի, մենք չունենք գործիքակազմ՝ հետևելու կամ հավաստի կերպով տեղեկանալու, թե ինչ է տեղի ունենում Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգության հետ»:
Արարատ Միրզոյանն այստեղ վստահեցնում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ աշխատում են ու ունեն հույս, որ կկանխվի հայկական մշակույթի ոչնչացումը Արցախում:
Արտակ Բեգլարյանը վստահ է՝ պայքարի բազմաթիվ միջոցներ կան, որոնցից հրաժարվել է Հայաստանը. ինչո՞ւ, օրինակ, խաղաղության պայմանագրի տեքստում չի ներառվել այս հարցը, ինչո՞ւ է բանակցություններից դուրս հայտնվել հայկական ժառանգության փրկության հարցը:
«Քննարկվող համաձայնագրի նախագծում հստակ պահանջ դնի, որ միջազգային դատարանների վճիռները պետք է կատարվեն՝ բոլոր վճիռները թող երկկողմանի կատարի և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը», - նշեց «Արցախ» միության նախագահը:
Միջազգային դատարանները մինչև այս մի շարք վճիռներ են կայացրել՝ այս թվում Հաագայի դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել էր ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, շիրիմների դեմ: Ըստ Բեգլարյանի՝ հայկական կողմը վճիռը չկատարող Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարց բարձրացնելու փոխարեն միջազգային հայցերը հետ քաշելու ադրբեջանական նախապայմանին է համաձայնություն տալիս. - «Հայցերը հետ կանչելը նշանակում է նաև իրենք հրաժարվում են իրենց նախորդ հայցերի հիման վրա կայացված որոշումներից, այսինքն՝ Ադրբեջանը այլևս ազատ է ոչնչացնել ինչ ուզում է»:
Արցախի տարածքում ավելի քան 4 հազար հուշարձան են հաշվում, շուրջ 500 եկեղեցիներ ու բերդեր: Թանգարանային ցուցանմուշները տասնյակ հազարներով են՝ տեղահանման ժամանակ ոչինչ տեղափոխել չի ստացվել: Այժմ արցախյան բնակավայրերը հերթով հայտնվում են Բաքվի շինարարական բուլդոզերի տակ, հնագույն եկեղեցիները կամ աղվանացնում է Ադրբեջանը, կամ էլ ուղղափառացնում, ինչպես Շուշիի Ղազանչեցոցը Այս ամենի մասին վերնախավից բարձրաձայնող արդեն չկա, ահազանգում է Արտակ Բեգլարյանը:
Արցախում ոչնչացվող կամ պղծվող հուշարձանների մասին վերջին օրերին մի քանի ռուս գործիչներ խոսեցին, այն էլ՝ միայն այն պատճառով, որ Բաքուն տապալել էր ծովանկարիչ Այվազովսկու կիսանդրին Ստեփանակերտում, հենց նրա ծննդյան օրը ... Ինչ բարբարոսություն, զայրացել են ռուսները: